top of page
  • Writer's pictureRockestre - Battle of Evermore

«Mother Russia»՝ երաժշտական ճանապարհորդություն Սոլժենիցինի Գուլագի միջով







Ծանուցում

Պրոգրեսիվ ռոքի լայնածավալ աշխարհում որոշ ալբոմներ ու երգեր առանձնանում են որպես ժանրի երաժշտական բարդության ու ինտելեկտուալ խորության վկայություններ։ Renaissance խմբի գլուխգործոցը՝ 1974 թ. «Turn of the Cards» ալբոմը, պատկանում է այդ շարքին։ Ալբոմը եզրափակող «Mother Russia» ստեղծագործությունն ալբոմի բարդ մեղեդիների ու բանաստեղծական գունապատկերների մեջ  աչքի է ընկնում ոչ միայն  որպես երաժշտական գոհար, այլ նաև մարդկային ապրումների խոր ուսումնասիրություն՝ ներշնչված հայտնի ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի գործերից ու կյանքից։


Խմբի մասին

Էննի Հասլամի եթերային երգեցողության առաջնորդությամբ՝ Renaissance խումբը պրոգ ռոք ժանրում անմահացավ իր էպիկական հնչողությամբ ու բազմաբաղադրյալ ստեղծագործություններով։ «Turn of the Cards» ալբոմը ռոք ու դասական տարրերի համաձուլման վառ օրինակ է: Խմբի կազմն այսպիսին էր․ 

  • Էննի Հասլամ - վոկալ

  • Մայքլ Դանֆորդ – ակուստիկ կիթառ,

  • Ջոն Քեմփ – բաս կիթառ, բեքվոկալ,

  • Ջոն Թաութ – ստեղնաշարեր,

  • Թերենս Սալիվան – հարվածայիններ։

Խմբի լայնածավալ կոմպոզիցիաների մեծամասնությունում կազմը համալրվում է լիահունչ սիմֆոնիկ նվագախմբով: «Mother Russia» երգը «Turn of the Cards»-ից, ինչպես և «Sheheresade», «Can You Hear Me», «Day of the Dreamer» և «A Song for All Seasons» երգերը՝ հետագա ալբոմներից, ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի վարպետորեն կազմակերպած միության մարմնավորում են, որտեղ ամեն գործիք ունի իր ձայնը և լսելի դերն ընդհանուր ձայնակտավում:  «Turn of the Cards»-ի օրկեստրավորողը Ջիմմի Հորովիցն էր: Ուշարժան է, որ Renaissance-ը հեղինակ է մի շարք այլ ստեղծագործությունների, որոնք լի են գրական և երաժշտական հղումներով: Կարելի է ասել, որ միջարվեստային տեքստերը խմբի ձեռագրային այցեքարտն էին. խոսքն այն աստիճան կարևոր էր նրանց համար, որ իրենք հազվադեպ էին բառեր հորինում սեփական երգերի համար՝ հաճախ համագործակցելով հրավիրյալ բանաստեղծուհի Բեթթի Թետչերի հետ, որը շատ դեպքերում նշված է որպես համահեղինակ:


Գրողի ու նրա ստեղծագործությունների մասին

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սոլժենիցինին, ապա նա Նոբելյան մրցանակակիր ռուս գրող էր, որն առանցքային դեր էր ունեցել խորհրդային շրջանի դաժան իրականության բացահայտման մեջ։ «Մի օր Իվան Դենիսովիչի կյանքում», «ԳՈՒԼԱԳ արշիպելագը» և այլ ազդեցիկ գործերով Սոլժենիցինը վառ կերպով պատկերում է ԳՈՒԼԱԳ-ի  ճնշող ու անգութ համակարգը, որտեղ մարդիկ ենթադրյալ քաղաքական դավաճանությունների համար ստիպողական աշխատանք էին կատարում անմարդկային պայմաններում։ Գրողը՝ որպես խորհրդային կառավարության ու կոմունիզմի անվախ քննադատ, իր արծարծած գաղափարների համար հալածվել ու անգամ ազատազրկվել է։ Նրա գլուխգործոցը՝ «ԳՈՒԼԱԳ կղզեխումբը», ոչ միայն ջրի երես է բերում աշխատանքային ճամբարներում տեղի ունեցող դաժանությունները, այլ նաև արժանացել է գրականության  ասպարեզում Նոբելյան մրցանակի։ Թեմատիկ առնչություններ ունենալով Սոլժենիցինի գուլագային պատումների հետ՝ Renaissance-ի «Mother Russia» երգը հարգանքի տուրք է մատուցում ռուս այլախոհ գրողին:


Պատմական համատեքստ

«Mother Russia» երգը հայտնվեց բեկումնային ժամանակահատվածում. Մայքլ Դանֆորդի և Բեթի Թետչերի կերտած «Mother Russia»-ի գործիքային ու քնարական բովանդակությունը միահյուսվում է Սոլժենիցինի պատմվածքների հետ։ Ալբոմի թողարկման տարեթիվը՝ 1974 թվականը, համընկավ Սոլժենիցինի՝ Խորհրդային Միությունից վտարման հետ, ինչը երգին յուրահատուկ պատմական նշանակություն է հաղորդում։ Քանի որ «Mother Russia»-ն լույս տեսավ Սոլժենիցինի աքսորին զուգահեռ, ընդհանուր ժամանակագրությունն ընդգծում է երգի արդիականությունն ու կարևորությունը պատմական համատեքստում։ Այն արտացոլում է ոչ միայն Renaissance-ի գեղարվեստական յուրօրինակությունը, այլև քաղաքական այլախոհների իրական պայքարի դաժանությունը։ Երաժշտական ​​և գրական պատմության այս միահյուսումը ուղղակի պատկերն է ճգնաժամային ​​դարաշրջանի, երբ արվեստը և ընդդիմությունը միավորվում էին բռնաճնշիչ  վարչակարգերի դեմ:


Բառերի վերլուծություն

“Mother Russia” երգի և Ալեքսանդր Սոլժենիցինի՝ ԳՈՒԼԱԳ-ի մասին պատմությունների միջև խորին աղերսներն անհերքելի են։ “Pays the price, works the seasons through” և “Working blindly, building blocks” տողերը արտացոլում են այն անդադար աշխատանքն ու տառապանքը, որ տանում էին ԳՈՒԼԱԳ-ում հայտնվածները, իսկ “number for a name” տողն ակնարկում է բանտարկյալների անունները թվերով փոխարինելու պրակտիկան։ Այս ամենը զուգահեռներ է տանում «Մի օր Իվան Դենիսովիչի կյանքում» պատմվածքում Սոլժենցինի կատարած դիտարկումների հետ, որտեղ բանտարկյալները դառնորեն բողոքում են, որ ջերմաստիճանը բավականին ցածր չէ աշխատանքից ազատվելու համար։ Երգը նաև հմտորեն նկարագրում է դաժան սառնամանիքային միջավայրը “Frozen days…”, “Cold as ice…”, “…his blood flows frozen to the snow…”, “Red blood, white snow”, “He knows frozen rivers won’t flow”, “So cold, so true…” բառակապակցությունների շնորհիվ։


Բացի դրանից, “blood” բառի կրկնությունն ընդգծում է Սոլժենիցինի ստեղծագործություններում նկարագրվող ծանր ֆիզիկական վնասները, որոնք կրում են բանտարկյալներն ու չնայած դրանց՝ շարունակում աշխատել։ Նաև հղում է արվում հենց Սոլժենիցինին "punished for his written thought" և "starving for his fame" արտահայտություններով, որոնք մատնանշում են գրողի ապրած իրականությունն ու խորհրդային իշխանությունների կողմից կրած հալածանքը։


Անկախ Սոլժենիցինի ու գուլագային համակարգի հետ ակնհայտ կապերից՝ երգի վերնագիրը ենթադրում է «Մայր Ռուսաստան»-ի ավելի լայն և դաժան ըմբռնում՝ բացահայտելով երկրի ու ժողովրդի միջև խարխլված կապը, հալածվող ռուս հայրենասերների հակասական զգացումները, երբ գիտակցում են իրենց սերն ու պարտքը հայրենիքի հանդեպ, բայց մերժում դրա բարոյագաղափարական էությունը: 


Երաժշտական վերլուծություն

Երգը սկսվում է բաս կիթառի և դաշնամուրի հավասար քառորդ նոտաներով ընթացող միաձայն ունիսոնով, որը միանգամից միապաղաղ, մելամաղձոտ երանգ է հաղորդում: Զանգերի և դաշնամուրի հանկարծակի ֆորտե ակորդը շարունակում է նախաբանը, որի ողջ ընթացքում կիթառի թե սանթուրի նման ինչ-որ լարային գործիք անընդհատ նույն չորս ութերորդական նոտաներից բաղկացած ֆիգուր է նվագում՝ կարծես հիշեցնելով անդադար ու ծանր աշխատանքի ռիթմը։ Այդ ֆոնի վրա ուրվագծվում է հիմնական մեղեդին, որը զարգանալու և գագաթնակետին է հասնելու երգի գործիքային միջնամասում: Աստիճանաբար կենդանանում են նվագախմբի մյուս տեմբրները. հոգեթափանց ջութակները նկարում են ձմեռային բուքի ու ձյան տեսարանը։ Երաժշտական այս բնապատկերը փոխանցում է անտանելի ցուրտ պայմանները, որոնք տիրում էին ԳՈՒԼԱԳ-ի ճամբարներում:


Յուրահատուկ է 1:41-1:44 հատվածը, երբ շեփորների տագնապալի կանչը կարծես ընդհատում է լուսաբացը՝ նմանակելով ԳՈՒԼԱԳ-ի զանգերը, որոնք նույն ուժգնությամբ կոտրում էին լռությունն ու ազդարարում վերկացը։ Երաժշտական նման ընտրությունը ծառայում է որպես ԳՈՒԼԱԳ-ի ճամբարներում անընդմեջ վերահսկողության ու կառավարման վառ հիշեցում։ 


Էննի Հասլամի վոկալ արթնացումը սկսվում է 2:09-ից, իսկ ստեղծագործության երկրորդ կեսից (4:16-6:10) ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում․ ժամանակը կանգ է առնում, շարունակական բասային պեդալի (բաս կիթառը գրեթե 2 րոպե նույն նոտան է նվագում նույն ռիթմով) ուղեկցությամբ նվագախմբի գործիքները հերթով վերագտնում են նախաբանի միայնակ մեղեդին: Հետո նորից հայտնվում է Էննի Հասլամի ձայնը, նույն մեղեդային հիմքն այս անգամ բառազուրկ վոկալիզի տեսքով՝ հեռավոր, մենավոր և ցրտաշունչ: Միատոն բասը, ջութակների վերևի ռեգիստրի սառը, անհույզ հնչողությունը սառնաշունչ  ամայության զգացում է ստեղծում՝ ընդգծելով ոչ միայն Սոլժենիցինի, այլ նաև գուլագային համակարգի անթիվ-անհամար բանտարկյալների կարոտն ու ճնշվածությունը: Երաժշտական տարբեր տարրերի միջև այս խաղը է՛լ ավելի է շեշտում երգի ու Սոլժենիցինի պատումների միջև թեմատիկ կապերը՝ ստիպելով ունկնդրին ապրումակցել միայնության ու հուսահատության սաստիկ զգացումներին։


Իր բազմերանգ գործիքավորմամբ “Mother Russia”-ն գերազանցում է երգի սահմանները․ այն դառնում է մեծակտավ հնչյունապատում, որը վարպետորեն միահյուսվում է պատմական համատեքստի հետ՝ ստեղծելով Սոլժենցինի կյանքի և ստեղծագործության  մռայլ արձագանքներ։ 


Ամփոփում

Renaissance-ի “Mother Russia” երգի և Ալեքսանդր Սոլժենիցինի գուլագային պատումների նուրբ, բայց միաժամանակ բարդ միաձուլմամբ՝ արվեստի և պատմության խոր սիմֆոնիա է ծավալվում։ Քնարական և գործիքային նրբերանգներն արտացոլում են Սոլժենիցինի ստեղծագործություններում պատկերված անմարդկային ծանր աշխատանքը, ծայրահեղ ցուրտը և համատարած միայնության զգացումը՝ կամուրջ դառնալով պրոգրեսիվ ռոքի և իրականության միջև։ Զարգանալով Սոլժենիցինի աքսորի ֆոնին՝ “Mother Russia” երգը հավերժական վկայություն է երաժշտության ու մարդկային աննկուն ոգու փոխկապակցվածության մասին՝ միաժամանակ ամրապնդելով արվեստի դերը որպես պատմության ամենամութ անկյունները բացահայտող գործիքի և մեզ կոչ անելով խորհել այն խիզախության մասին, որն անհրաժեշտ է ճնշող վարչակարգերի դեմ դիմակայելու և մարդկային անճնշելի ոգին փառաբանելու համար։


Վերջին տարիներին երգը նոր արդիականություն է ստանում՝ հաշվի առնելով, որ «Մայր Ռուսաստանը», արդեն խորհրդային վարչակարգից անկախ, շարունակում է հալածել իր անհամաձայն զավակներին՝ ճնշելով և վտարելով գրողների, արտիստների, երաժիշտների:


Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան




Recent Posts

See All

RUSH - Վերլուծություն

«Ռաշ»-ը կանադական ռոք խումբ է, որի անդամներն են Գեդի Լին (բաս կիթառ, ստեղնաշարներ, վոկալ), Ալեքս Լայֆսոնը (կիթառ) և Նիլ Փիերթը...

Opmerkingen


bottom of page