top of page
  • Writer's pictureRockestre - Battle of Evermore

RUSH - Վերլուծություն

«Ռաշ»-ը կանադական ռոք խումբ է, որի անդամներն են Գեդի Լին (բաս կիթառ, ստեղնաշարներ, վոկալ), Ալեքս Լայֆսոնը (կիթառ) և Նիլ Փիերթը (հարվածայիններ, տեքստերի հեղինակ)։ Ստեղծագործությունների թեմատիկային բնորոշ է  գիտաֆանտաստիկ և փիլիսոփայական ուղղվածությունը։ Խմբի ոճը տարիների ընթացքում փոխվել է՝ բլյուզային հիմքով հարդ ռոքից անցնելով պրոգրեսիվ ռոքի, 80-ականներին էլ որոշ չափով տեղ տալով ավելի կոմերցիոն էլեկտրոնային հնչողությանը։ 2012-ին լույս տեսավ “Clockwork Angels” ալբոմը, որին հետևեց փոխհամաձայնեցված երկար դադար, իսկ 2020-ին թմբկահար Նիլ Փիերթի մահվամբ պարզ  դարձավ, որ դա խմբի վերջին ձայնագրությունն է: 


Բազում ռոք խմբեր են ոգեշնչվել «Ռաշ»ից. Metallica, Primus, Rage Against the Machine, The Smashing Pumpkins, Dream Theater, Symphony X…. այս շարքը կարելի է շարունակել երկար ու անդադար…


«Ռաշ» խմբի երաժշտությունն իր հերթին կրում է բազմապիսի ազդեցություններ՝ The Beatles, Black Sabbath, The Who, Cream, Led Zeppelin, բայց ամենից մեծ ազդեցությունը կրել է 1970-ականների բրիտանական պրոգրեսիվ ռոքից, հատկապես՝ Pink Floyd, Genesis, Yes, Jethro Tull խմբերից: Պրոգրեսիվ ռոքի ավանդույթի համաձայն՝ «Ռաշ»-ը գրել է ծավալուն երգեր ազատ  և փոփոխվող կառուցվածքով, կոնտրաստային տրամադրությունններով՝ զուգորդված խոհափիլիսոփայական այլաբանական կամ ֆանտասմագորիկ տեքստերով։ 


Դրանց հեղինակը մեծ մասամբ խմբի թմբկահար Նիլ Փիերթն է, ով մանկուց սիրել է գրքեր կարդալ, որոնք բնականաբար մեծ ազդեցություն են ունեցել թե՛ նրա, թե՛ խմբի գործունեության վրա։ Վառ օրինակ է “Tom Sawyer” երգը՝ Մարկ Տվենի հայտնի արկածավեպի հիման վրա։ Այս երգում «Ռաշ»-ն անդրադարձել է այդ ժամանակների ազատամիտ մարդուն։

 

No, his mind is not for rent

To any god or government.

Always hopeful, yet discontent

He knows changes aren’t permanent –

But change is․․․ 


Սակայն խմբի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է ամերիկացի փիլիսոփա գրող Այն Ռանդի ստեղծագործությունը։ Նա ծնվել է 1905 թ. Պետերբուրգում, դեղագործի ընտանիքում, ծննդյան անունն է Ալիսա Ռոզենբաում: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո հաջողեցրել է մեկնել Միացյալ Նահանգներ և իր գործունեությունը ծավալել այնտեղ: Ռանդը համարվում է oբյեկտիվիզմի (ինդիվիդուալիզմի) հիմնադիրը, որի հայեցակարգն է՝ «մարդը՝ որպես հերոսական էակ՝ սեփական երջանկությամբ՝ որպես կյանքի բարոյական նպատակ, ստեղծարար ձեռքբերումներով՝ որպես ազնվագույն գործունեություն, և բանականությամբ՝ որպես միակ բացարձակ»։ Խմբի գործունեության ողջ ընթացքում նրա երգերում կարևորվել է ինդիվիդուալիզմը։ «Permenant Waves» ալբոմի «Freewill» երգի կրկներգում խոսվում է անհատականություն լինելու կարևորության մասին․


You can choose from phantom fears

And kindness that can kill

I will choose a path that’s clear

I will choose free will.


«Moving Pictures» ալբոմի «Vital Signs» երգում նույնպես արտացոլված է նույն թեման.


Everybody got mixed feelings

About the function and the form

Everybody got to elevate

From the norm…


Այն Ռանդի ոչ միայն փիլիսոփայական ուղղությունն է եղել ոգեշնչման աղբյուր խմբի համար, այլ նաև նրա առանձին ստեղծագործությունները։ «Fly by Night» ալբոմի առաջին գործը եղել է «Anthem»-ը՝ հիմնված Այն Ռանդի համանուն վիպակի վրա։ Դրանում նույնպես խոսվում է ինդիվիդուալիզմի մասին․


Live for yourself, there’s no one else

More worth living for

Begging hands and bleeding hearts

Will only cry for more. 


Հաջորդ ալբոմում Այն Ռանդի «Anthem» ֆանտաստիկական նովելը հիմք է հանդիսացել ավելի ծավալուն ստեղծագործության՝ 20 րոպե տևողությամբ «2112» ծրագրային սյուիտի: Մինչ դրան անդրադառնալը հակիրճ ներկայացնենք «Anthem» («Օրհներգ») ստեղծագործությունը։


«Anthem»-ը ապագայի հասարակության մասին է, որտեղ անհատականությունն ու ինքնությունը արմատախիլ են արված՝ հօգուտ կոլեկտիվիզմի և կառավարության խիստ վերահսկողության:


Պատմությունը ծավալվում է մի հասարակության մեջ, որտեղ «անհատականություն» հասկացությունն ամբողջությամբ վերացած է: Մարդիկ իրենց մասին խոսելիս օգտագործում են «մենք» հավաքական դերանունը՝ «ես»-ի փոխարեն, քանի որ «ես» դերանունն արգելված է: Կառավարությունը, որը հայտնի է որպես Համաշխարհային խորհուրդ, վերահսկում է կյանքի բոլոր կողմերը՝ ճնշելով անհատական արտահայտման կամ ստեղծագործության ցանկացած ձև: Յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված է առանձին հաստատություն, օրինակ՝ Գիտնականների տուն, Հավաքարարների տուն, Առաջնորդների տուն և այլն։ Մարդիկ ապրում են նույն աշխատանքն ունեցող մարդկանց հետ, ոչ թե ընտանիքներով, իսկ բոլոր երեխաները՝ միմյանց հետ։ 15 տարեկան դարձած երեխաների ճակատագիրը որոշվում է կառավարության կողմից՝ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու


Նովելի գլխավոր հերոսը Հավասարություն 7-2521-ն է, որը առանձնանում է մնացածներից իր խելքով և հետաքրքրասիրությամբ։ Սակայն նրան խանգարում են հասարակության նորմերը, որոնք զսպում են անկախ մտքի զարգացումն ու ձեռքբերումները։ Նա գաղտնի տենչում է գիտելիք և ազատություն։ Բացի դրանից, նա արտասովոր գեղեցիկ է՝ բարձրահասակ և թիկնեղ։ Դեռ մանկուց ինքն իրեն հարցեր է տվել և փորձել հասկանալ ու բացահայտել տարբեր երևույթների մեջ թաքնված գաղտնիքները։ Սակայն, ըստ Համաշխարհային խորհրդի որոշման, նա դառնում է հավաքարար։


Մի օր իր գործն անելու ժամանակ Հավասարություն 7-2521-ը բացահայտում է թաքնված մի թունել։ Մտնելով այնտեղ՝ նա տեսնում է, որ անհիշելի ժամանակներից այնտեղ ոչ ոք չի եղել․ թունելում նա գտնում է անցյալի բազմաթիվ մնացորդներ: Հերոսին ավելի ու ավելի է հետաքրքրում այն աշխարհը, որը գոյություն է ունեցել մինչ իր ժամանակի ճնշող ռեժիմը: Դրանից հետո նա իր կյանքի նպատակ է դարձնում ուսումնասիրել աշխարհը։


Հավասարություն 7-2521-ը սիրահարվում է  Ազատություն 5-3000 անունով մի աղջկա, ում պատահական տեսել էր կողքի այգում գործ անելիս։ Մի օր անգամ կարողանում է խոսել նրա հետ, ինչն այդ «քաղաքում» մեղք է։ 


Հավասարություն 7-2521-ը, ուսումնասիրելով բնական նյութերը, կարողանում է ստեղծել էլեկտրականություն։ Մինչ այդ կատարված վերջին հայտնագործությունը մոմի ստեղծումն էր եղել՝ տասնամյակներ առաջ։ Հավասարություն 7-2521-ը որոշում է ներկայացնել իր հայտնագործությունը կառավարությանը, սակայն երբ նա ներկայացնում է գյուտը, Համաշխարհային խորհրդի անդամները մերժում են այն։ Նրանք այնքան տգետ են լինում, որ սկսում են վախենալ անգամ փոքրիկ լույսից։ Իր գաղափարների և գյուտերի համար հալածանքներից խուսափելով՝ Հավասարություն 7-2521-ը որոշում է փախչել ճնշող հասարակությունից: Այնպես է ստացվում, որ նրա սիրեցյալը նույնպես փախչում է քաղաքից և հետևելով հերոսի ոտնահետքերին՝ գտնում նրան։


Անտառում Հավասարություն 7-2521-ը և Ազատություն 5-3000-ը միասին սկսում են վայելել ազատությունը, սերը և միասին ուսումնասիրում են աշխարհը։ Մի օր տեսնում են մի լքված, բայց տեխնոլոգիաներով հարուստ ապակե տուն և որոշում այդուհետ ապրել այնտեղ։ Այդ տան մեջ կային շատ գրքեր, որոնք կարդալով նրանք հասկանում են, որ իրենք «մենք» չեն, այլ «ես» ու դրանից հետո իրենց համար որոշում են նոր անուններ. Հավասարություն 7-2521-ն իրեն վերանվանում է Պրոմեթևս, իսկ Ազատություն 5-3000-ը՝ Գեա։ Նրանք սկսում են նոր կյանք՝ կոլեկտիվիստական հասարակության կաշկանդումներից զերծ։


Նովելն ավարտվում է նրանով, որ հերոսը ստանձնում է իր ընկերներին փրկելու պարտականություն, որոնց թողել էր այն անիծված քաղաքում։


«Anthem»-ը անհատականության, անձնական ինքնության և մարդկային ոգու կարևորության մասին է՝ ընդդեմ ճնշող հասարակական նորմերի: Նովելում հստակ երևում է հեղինակի տեսակետը, որը համահունչ է նրա հիմնադրած «օբյեկտիվիզմ» փիլիսոփայական աշխարհայացքին։ Կա տեսակետ, որ Ջորջ Օրուելի «1984» վեպն էապես ազդվել է Այն Ռանդի այս պատմությունից։ 


«2112»-ը «Ռաշ» խմբի ամենահայտնի ու կարևոր ալբոմներից է: Այն կազմված է 6 երգից, սակայն առանցքայինը հենց առաջին երգն է, որից էլ ալբոմը ստացել է անունը: Պատմությունը ծավալվում է ենթադրյալ  ապագայում (2112 թ.), մի վայրում, որտեղ կա տաճար, և տաճարի քահանաներն իրենք են որոշում, թե հասարակության անդամներն ինչ կարող են կարդալ կամ երգել: Ամեն ինչ նախապես որոշված է, ամեն ինչ նույնատիպ է։ Անհատականությունը, ստեղծարարությունը վերացած են։ Քահանաներն այդպես են վարվում, որ բոլորը լինեն երջանիկ, ապահով և չտարբերվեն միմյանցից: Այս պատմության հերոսը հայտնաբերում է կիթառ և հասկանում, որ կարող է երաժշտություն ստեղծել դրա միջոցով: Նա տանում է կիթառը քահանաների մոտ և ասում, որ այն կարող է փոխել մարդկանց կյանքը։ Սակայն քահանաներն ի պատասխան ջարդում են կիթառը: Ճնշումների արդյունքում հերոսն ի վերջո ինքնասպան է լինում։  


«2112» կոմպոզիցիան իր հերթին բաժանված է 7 չընդմիջվող մասերից՝ ընդհանուր 20 րոպե տևողությամբ։ 

  1. OVERTURE։  Նախերգանքում, ինչպես և սպասվում է, բառեր չկան։ Կա միայն մի տող Աստվածաշնչից՝ «And the meek shall inherit the earth» (Եվ  հեզերը կժառանգեն երկիրը» (ըստ Մատթ. 5:05)։ 


  1. TEMPLES OF SYRINX (Սիրինքսի տաճարներ)։ Այս հատվածում ներկայացվում են քաղաքը կառավարող քահանաները, որոնց մտքերը հիշեցնում են, ինչպես Այն Ռանդի նովելում, համատարած հավասարության վերաբերյալ կոմունիստական գաղափարախոսությունը, որն էլ հենց երգի քննադատության թիրախում է.


 We’ve taken care of everything

The words you read

The songs you sing

The pictures that give pleasure

To your eye

One for all and all for one

Work together

Common sons. 


Երգի մեկ այլ հատվածում երևում է, որ քահանաները ժողովրդից թաքցնում են բոլոր հայտնագործությունները և չեն թողնում, որ անհատը մտածի․ 


Never need to wonder

How or why.


  1. DISCOVERY (Հայտնաբերում)։ Այս հատվածում երգի հերոսը մի կորած քարանձավում գտնում է կիթառ․ 


What can this strange device be?

When I touch it, it gives forth a sound.

It’s got wires that vibrate, and give music

What can this thing be that I found?


Սա համարժեք է Ռանդի ստեղծագործության այն հատվածին, որտեղ Հավասարությունը հայտնաբերում է քարանձավն ու սկսում այնտեղ ժամանակ անցկացնել՝ ուսումնասիրելով բնական երևույթները։ 


  1. PRESENTATION (Ներկայացում)։ Երկար նվագելուց հետո երգի հերոսը գնում է քահանաների մոտ՝ ցույց տալու իր հայտնաբերածը


 I know it’s most unusual

To come before you so

But I’ve found an ancient miracle

I thought that you should know

Listen to my music

And hear what it can do

There’s something here as strong as life

I know that it will reach you. 


Սրան քահանաները պատասխանում են․ 


Yes, we know

It’s nothing new

It’s just a waste of time

We have no need for ancient ways

Our world is doing fine

Another toy

That helped destroy

The elder race of man

Forget about your silly whim

It doesn’t fit the plan․․․ 


Երգի այս բառերից երևում է, որ քահանաները ժողովրդից գաղտնիքներ ունեն։ Նրանք արգելում են հերոսին նվագել։ Այս հատվածը համարժեք է «Anthem»-ի այն հատվածին, որտեղ Հավասարությունը գնում ու ցույց է տալիս գիտնականներին իր հայտնաբերած էլեկտրականությունը։


  1. ORACLE: THE DREAM (Գուշակի երազը)։ Այս հատվածում հերոսը երազ է տեսնում՝ ասես մարգարեների կողմից տրված։ Այդ երազն այն մարդկանց կողմից է, որ տարիներ առաջ լքել են այս աշխարհը, որպեսզի ստեղծեն իրենց գեղեցիկ այլընտրանքը․ 


I see the works of gifted hands

Grace this strange and wondrous land

I see the hand of man arise

With hungry mind and open eyes.


Սա համապատասխանում է «Anthem»-ի այն հատվածին, որտեղ Հավասարությունը գտնում է ապակուց կառուցված մի շինություն ու հասկանում, որ կան այլ հասարակություններ, որտեղ գնահատվում են նորարարություններն ու անհատականությունը։ 


  1. SOLILOQUY (Մենախոսություն)։ Այս հատվածում հերոսը հասկանում է, որ ամբողջ ճշմարտությունն իմանալուց հետո այլևս չի կարող ապրել։ Նա փորձում է  ինքնասպան լինել․ 


I don’t think I can carry on

This cold and empty life

My spirits are low, in the depths of despair

My lifeblood

Spills over….


«Anthem»-ում ևս հերոսը հասկանում է, որ չի կարող այդպես ապրել, սակայն ինքնասպան չի լինում, այլ փախչում է քաղաքից։


  1. THE GRAND FINALE (Վերջաբան)։ Վերջին հատվածում ինքնաթիռներ են հայտնվում երկնքում ու ռմբակոծում Տաճարն ու քահանաներին՝ այսպիսով վերջ դնելով այդ իշխանությանը․ 


Attention all Planets of the Solar Federation

Attention all Planets of the Solar Federation

Attention all Planets of the Solar Federation

We have assumed control.

We have assumed control.

We have assumed control. 


Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռի ուղևորդներն այն նույն մարդիկ են, ովքեր օգնեցին հերոսին երազ տեսնել։ 


Հեղինակ՝ Մհեր Ենգիբարյան



Kommentare


bottom of page