top of page
  • Writer's pictureRockestre - Battle of Evermore

Տիգրան Համասյան․ «Մարկոս և Մարկոս»





«Մարկոս և Մարկոս ելան գացին ծով»՝ իրենց ոտքերը լվալու, իսկ Տիգրան Համասյանը, Նաիրա Մուրադյանը և այս մարկոսային իրարանցումի հեղինակ Զահրատը որոշեցին արվեստների մի ամբողջ խառնարան դարձնել այս իրողությունը։ 


20-րդ դար։ Թուրքիա։ Արևմտահայ ընտանիք։ Զարեհ Յալտըզճյան, որ պիտի դառնար Զահրատ․ մեծանուն բանաստեղծ։ Զահրատի ստեղծագործությունները աչքի են ընկնում իրենց բովանդակային և կառուցվածքային յուրահատկություններով։ Սեղմ, հակիրճ նախադասություններ և նրանցում ամփոփված լայն թեմատիկ ընդգրկում։ Զահրատը ստեղծում էր խիստ հայկական կոլորիտ` «Ահմետի փողոցը» ցույց տալով, «Բարեկենդանի» յուրօրինակ պատկերներ կերտելով և «Կաղանդի ծառից» զանազան զարդարանքներ կախելով։ Զահրատը, չնայած սրան, հայ ժամանակակից գրականության մեջ չբացահայտված հեղինակներից է։ Բանասեր Անահիտ Ադամյանի այս մեկնաբանությունը ներկայացնում է Զահրատի չգնահատվածությունը․ «Բանաստեղծ, որ ֆրանսիացի լիներ ու Ֆրանսիայում ծնված, կամ՝ իսպանացի ու Իսպանիայում ծնված, ամերիկացի ու Ամերիկայում ծնված, Նոբելյան մրցանակի դափնեկիր էր լինելու՝ պարզ ու հանճարեղ բանաստեղծությունների համար, բայց նա հայ էր, ու՝ Կոստանդնուպոլսում ծնված և Նոբելյան մրցանակակիր դառնալու համար չուներ կենսատարածք»։


Զահրատի ստեղծագործությունները կարելի է ընկալել եռաչափ տարածության մեջ․ լակոնիկ և սահմանափակված տողեր՝ մեծ խորությամբ և լայն եզերքով։ Բանաստեղծական շարքում  ճանապարհորդող Կիկոյից մինչև Մարկոսների ծնունդ կերպարային ընդգրկումը ևս ընդարձակ է։ Գանք մեր Մարկոսներին։


Մարկոս և Մարկոս

Ելան գացին ծով

ու փարոսին քով

Մարկոս ու Մարկոս

ոտք կը լուային

- Տես Մարկոս ըսաւ

Մարկոս Մարկոսին

- Աստղ մը ինկաւ վար –

Մարկոս ծռեցաւ

ծովուն մէջ - չկար -

Սուտ ըսիր -ըսաւ

Մարկոս Մարկոսին

Իրենց ոտքերը

Երբ որ չորցուցին

Փոքրիկ աստղ մը կար

Մարկոսի ոտքին։


Հետաքրքրական է Մարկոս բառի բազմակի կրկնությունը, որը կարելի է նկատել բանաստեղծության վերնագրից սկսած․ «Մարկոս և Մարկոս»։ Երկու Մարկոսների հասարակ առօրյայում տեղավորվում է մոնումենտալ մի իրողություն` երազանք, ընկնող աստղ, թերահավատություն և հրաշք, բացահայտում։ 

Այս բառերից ծնված կտավը միահյուսվում է երաժշտությանը՝ Տիգրան Համասյանի մեկ մտահղացմամբ, կամ էլ հունական աստվածուհիների՝ մուսաների թեթև ձեռքով։


Տիգրան Համասյանը հայ ժամանակակից երաժիշտ է, որը վայելում է համաշխարհային հռչակ, քանի որ 16 տարեկանից ընտրեց այլ կենսատարածք։ Գյումրիից Երևան, Նյու Յորք և Փարիզ․ համասյանական ջազի հետքերը սփռված են ամենուրեք։ Պոլիռիթմերի վարպետի ստեղծագործություններից անմասն չեն հայկական տարրերը։ Թե՛ հոգևոր, թե՛ ազգային երաժշտությունը Համասյանի արհեստանոցում ձևափոխվելով այլ գույներ ու ձևեր է ստանում։ 2017 թվականին լույս տեսած “An Ancient Observer” ալբոմը ներառում է "The Cave of Rebirth", "Fides Tua", ինչպես նաև “Markos and Markos” ստեղծագործությունները։ 


«Մարկոս և Մարկոս»-ում նկատելի է հիմնական թեմայի առկայությունը, որի շուրջ պտտվում են մյուս թեմաները։ Այն կարող ենք կոչել մեր «Մարկոսը»։ Թեման ամբողջ ընթացքում կրկնվում է, ձևափոխվում, տարբեր երանգներ ստանում և վերածվում համապատասխան գրական ստեղծագործության։ Կարող ենք դա տեսնել այս կերպ․ 


1․ ծանոթացում, երբ թեման առաջին անգամ լսվում է, 

2․ զարգացում, երբ այն ուժգնանում է և ավելի ազատ ու խառը բնույթ ստանում (ինչպես ստեղծագործության մեջ կոնֆլիկտն է ծագում՝ աստղի ընկնելը, և դեպքերը ավելի անհամակարգված են դառնում), 

3․հանգուցալուծում՝ մեղմ կատարմամբ (ինչպես ստեղծագործության մեջ աստղի հայտնաբերումն է դառնում)։ 


Գլխավոր թեմայից զատ ուրիշներ կան, որոնք կերտում են միջավայրը՝ իրենց տատանումներով ծով պատկերելով, ձգվելով, ինչպես և փարոսի լույսը, և ուժգնանալով, ինչպես ընկնող աստղի հետքը գիշերային երկնքում։ Հետաքրքրական է ավանդական «լակոնիկ» 6/8 չափի օգտագործումը, որը հիշեցնում է Զահրատի գրելաոճը։ Կարելի է նկատել նաև, որ թեև երաժշտության բնույթը բազմիցս փոխվում է, մետրը մնում է անփոփոխ։ Համասյանի գործերում հաճախ է հանդիպում խառը կամ փոփոխական մետր, օր․՝ 7/8, 5/16, 21/16 և այլն, սակայն դա այս դեպքը չէ, և կիրառված է բավականին հաճախ հանդիպող 6/8 տարբերակը։ Ինչ վերաբերում է տոնայնություններին, ստեղծագործության կորիզում  սոլ բեմոլ մաժոր և մի բեմոլ մինոր զուգահեռ տոնայնություններն են։ Իհարկե, անմասն չեն մոդուլացիաները և շեղումները դեպի այլ տոնայնություններ, սակայն հիմնական թեման վերը նշված տոնայնություններում է։ Սա նման է բանաստեղծությունում անընդհատ Մարկոս բառին վերադարձին․


- Տես Մարկոս ըսաւ

Մարկոս Մարկոսին․․․


Ինչպես Մարկոսը այստեղ ստանում է այլ դերակատարություն՝ կոչական է դառնում մյուս Մարկոսի շուրթերում, այնպես էլ այս մաժոր և զուգահեռ մինոր տոնայնությունները նույն նոտաներից կազմված գամմաներին տալիս են հետաքրքիր և տարաբնույթ ներկայացում։


Այսպես՝ երաժշտական ստեղծագործությունը դառնում է գրական հիմքի հետաքրքիր մեկնաբանություն՝ հնչյունների տեսքով, իսկ տեսողական արվեստը արտահայտվում է Նաիրա Մուրադյանի հոլովակում։ 


Անիմացիայի ռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարիչ Նաիրա Մուրադյանը իր շատ գործերում կերտել է նոր հերոսներ, «նոր Երևան» և «նոր Նաիրա»։ Նրա ստեղծագործական աշխարհը լայն է․ «Թևավոր Գոդո»-ից մինչև «Ջիքը և Ջաքը» և էլ ինչ ասես։ Դե, «Բիթլիսից» մինչև Երևան տանող «Ճանապարհին» էլ հանդիպեցինք Մարկոսներին։ Այստեղ հեղինակի երևակայությունը հատել է կաղապարները և ստեղծել բոլորովին յուրօրինակ մի բան։ Չկան սեղմությունն ու հակիրճ պատկերները, որոնք նկատելի են բանաստեղծությունում, այլ կարելի է տեսնել նոր դաշտեր, նոր խորություններ, որոնք արդեն հեղինակի ստեղծագործական ոլորտում են։ Ասես Զահրատի Մարկոսները եկել են, եկել, անցել համասյանական հնգագծերով ու Նաիրայի վրձնի տակ գունավորվել նրա երանգներով։ Կերպարները հետաքրքիր են և յուրահատուկ, սակայն նրանց պատմությունը սկսում է զարգանալ, աճել, սուզվել ծովերում, նույնիսկ դառնալ մի նոր առասպել, հեքիաթ, բայց ծանր ալիքի զարկից կրկին սթափվել, վերադառնալ ստատուս քվոյին։ Ասես պորտալ է ստեղծվում դեպի նոր աշխարհ և վերադարձ լինում բնագրին՝ ստեղծագործության էպիկական հիմքին։ Դիտարկենք գունապնակը։ Նկարչուհու ստեղծագործություններին բնորոշ չեն վառ գույները, ինչը դրսևորվում է և այստեղ, սակայն ծովի տեսարանում, որը դուրս էր ստեղծագործության դիպաշարից, արթնանում են վարդագույն, կապույտ և դեղին գույները։ Այս գունային փոփոխություններն ասես գծում  են այն եզրը, որտեղ փոփոխվում են Զահրատի և Նաիրայի Մարկոսները։ Հատկանշական է նաև լույսի և ստվերի խաղը, որտեղ լույսը ներկայանում է փարոսի, աստղի միջոցով, որպես հույս, ինչպես գրական ստեղծագործության մեջ հիմնական երկու խորհրդանիշներում։ 


Այսպիսով՝ գրական մեկ ստեղծագործությունը կարող է ծնել այլ՝ երաժշտական, նկարչական ստեղծագործություններ, և մի արվեստը կարող է հիմք հանդիսանալ մյուսի համար կամ տալ ազատություն՝ ավելի լայն հորիզոն ընդգրկելու: Դե ի՛նչ, կարդացե՛ք, լսե՛ք, նայե՛ք ու ամենակարևորը՝ միշտ մտածե՛ք։


Հեղինակ՝ Գյուլնարա Սարգսյան


Recent Posts

See All

RUSH - Վերլուծություն

«Ռաշ»-ը կանադական ռոք խումբ է, որի անդամներն են Գեդի Լին (բաս կիթառ, ստեղնաշարներ, վոկալ), Ալեքս Լայֆսոնը (կիթառ) և Նիլ Փիերթը...

Comentarios


bottom of page