top of page
  • Writer's pictureRockestre - Battle of Evermore

Օսկար Ուայլդ/«Լավ էլի» — «Երջանիկ արքայազնը»



















Գրողի մասին

Օսկար Ուայլդը ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 16-ին Դուբլինում։ Նրա հայրը՝ սըր Ուիլյամ Ուայլդը, աչքի և ականջի հայտնի վիրաբույժ էր, իսկ մայրը՝ Ջեյն Ուայլդը, բանաստեղծ էր և ազգայնական։ Մեծանալով գիտությամբ և արվեստով շրջապատված ընտանիքում՝ Ուայլդը դեռ պատանեկան տարիքից սկսեց հետաքրքրվել գաղափարական քննարկումներով ու գրականությամբ:

Ուայլդը հաճախել է Դուբլինի «Թրինիտի» քոլեջը և հետագայում շարունակել ուսումը Օքսֆորդում։ Այնուհետև տեղափոխվել է Լոնդոն և արագորեն աչքի ընկել տարբերվող մտածողությամբ ու արտասովոր ոճով: Ուայլդը տարվեց  էսթետիզմի գաղափարներով և դարձավ դրա կենտրոնական դեմքերից: Էսթետիզմը 19-րդ դարի վերջում տարածված գեղագիտական սկզբունք էր, որի կարգախոսն էր «Արվեստը հանուն արվեստի»: Ուղղության ջատագովները բարձր էին գնահատում գեղեցկությունն ու ինքնարտահայտումը որպես այդպիսին և անտեսում էին գաղափարային կամ բարոյական ուղերձների կարևորությունը:

Ուայլդը  հայտնի դարձավ  որպես դրամատուրգ իր կատակերգական պիեսներով, ինչպիսիք են «Իդեալական ամուսինը» (“An Ideal Husband”), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (“The Importance of Being Earnest”) և «Լեդի Ուինդերմիրի հովհարը» (“Lady Windermere’s Fan”)։ Վերջին երկու վերնագրերում քողարկված բառախաղեր կան։ Լրջախոհ իմաստով անգլերեն օգտագործված է earnest բառը, որը նաև գլխավոր հերոսի անունն է՝ Էռնեստ: Իսկ fan բառն անգլերենում նշանակում է և հովհար, և երկրպագու: Պիեսում բարձրաշխարհիկ սիրախաղի պատմություն է, որի առանցքում սխալ պահին սխալ տեղում հայտնված  հովհարն է: Առհասարակ՝ սրամիտ, երկիմաստ պարադոքսներն ու բառախաղերը Ուայլդի ոճի բնորոշիչներից են: 

Այնուամենայնիվ, նրա հաջողությունը խաթարվեց անձնական սկանդալով: 1895 թվականին Ուայլդի կյանքը կտրուկ փոխվեց, երբ նա ձերբակալվեց, ապա դատապարտվեց «անպարկեշտության» համար՝ միասեռական հարաբերությունների պատճառով, որոնք այդ ժամանակ Անգլիայում անօրինական էին։ Աղմկալից դատավարության արդյունքում նա  դատապարտվեց երկու տարվա ծանր աշխատանքի։ Դատավարությունն ու ազատազրկումը կործանարար ազդեցություն ունեցան Ուայլդի առողջության և հեղինակության վրա։

1897 թվականին բանտից ազատվելուց հետո Ուայլդն աքսորվեց Ֆրանսիա։ Այնտեղ գրած «Ռեդինգի բանտի բալլադը» («The Ballad of Reading Gаol») արտացոլում է բանտում ապրած փորձություններն ու ընկճվածությունը:  Ցավոք, Ուայլդի առողջական վիճակը շարունակում էր վատանալ, և նա մահացավ 1900 թվականի նոյեմբերի 30-ին 46 տարեկան հասակում։


«Երջանիկ արքայազնը» հեքիաթը

Օսկար Ուայլդի գործերը մինչև օրս էլ ընթերցվում ու քննարկվում են ողջ աշխարհում։ Բացառություն չէ «Երջանիկ արքայազնը» հեքիաթը, որը գրվել է 1888 թվականին և նրա  ամենահայտնի գործերից է։ Պատմությունը զարգանում է հորինված քաղաքում, արքայազնի ոսկե արձանի և փոքրիկ ծիծեռնակի շուրջ։ Արքայազնը ժամանակին կենդանի տիրակալ էր, ով շքեղ կյանք էր վարում և պաշտպանված էր աշխարհի դաժան իրողություններից: Մահից հետո քաղաքացիները նրա պատվին արձան են կանգնեցնում, իսկ նրա ոտքերի մոտ պատսպարվում է Փոքրիկ Ծիծեռնակը: 

Հեքիաթում շրջադարձային կետն այն է, երբ արքայազնի ոգին, որն այժմ ոսկե արձան է, իմանում է քաղաքի տառապանքների և աղքատության մասին: Իր բարձր դիրքից նա տեսնում է ներքևում գտնվող մարդկանց թշվառությունը։ Արքայազնը, կարեկցանքից դրդված, համոզում է Ծիծեռնակին օգնել աղքատներին և կարիքավորներին՝ բաշխելով արձանի մաս կազմող ոսկին և թանկարժեք գոհարները. այսպիսով արքայազնն ինքն իրեն զոհաբերում է։

Ծիծեռնակը անձնուրաց կատարում է արքայազնի առաջադրանքները՝ զոհաբերելով սեփական ապահովությունը հանուն ուրիշների։ Հեքիաթի առանցքային թեմաներն են կարեկցանքը, անձնուրացությունը և իշխող դասակարգի ու աղքատների միջև եղած կտրուկ հակադրությունն ու անդունդը: Այն հաճախ համարվում է բարոյախրատական պատմություն, որը ցույց է տալիս երևակայությունը սոցիալական խնդիրների հետ ձուլելու Ուայլդի կարողությունը: Մյուս կողմից այս հեքիաթը, ինչպես և Ուայլդի այլ ստեղծագործություններ («Եսասեր հսկան», «Դորիան Գրեյի դիմանկարը») ապացույց է, որ երբ պետք է, Ուայլդը հակասում է իր և իր համախոհների ազդարարած «արվեստը հանուն արվեստի» սկզբունքին և արվեստի միջոցով բարության և ապրումակցման ուղերձ է հղում:  


«Լավ էլի»

«Լավ էլի»-ն հայկական ռոք խումբ է, որը կազմավորվել է Վանաձոր քաղաքում 1996 թվականին։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանը և Գոռ Մխիթարյանը։ Տարիների ընթացքում կազմը բազմիցս փոխվել է, ձայնագրվել են բազմաթիվ ալբոմներ և համերգներ: 


«Երջանիկ արքայազնը» երգը

Մեզ հետաքրքրող երգը 2018 թվականին ՝ թվանշային տարբերակով թողարկված «Անձրևաշուն» ալբոմից է։ Այն ոգեշնչված է Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» հեքիաթից և բազմաթիվ ակնարկներ ու հղումներ է պարունակում դրան։ Ահա երգի բառերը.


Ախ այդ դեմքերը՝ գետաձիու կաշի,

Ախ այդ աչքերը՝ հոգու կափարիչ,

Այստեղ ես օտար եմ, այստեղ ես օտար եմ,

Ես եկել եմ ուրիշ, ուրիշ աշխարհից:

Նրանք, որ կարված են իրենք իրենց մեջ,

Նրանք, որ սնվում են իրենք իրենցով,

Ախ, այդ դեմքերին ոչ մուտք կա, ոչ ելք,

Համակ կշտություն, ոչ մի կաթիլ սով:


Այդ մարդիկ, այդ մարդիկ, ախ, ինչ սառն են նրանք,

Նրանց շունչը սառույց է՝ անողոք ու սպանող,

Ու ամբողջ մի կյանքից՝ ոչ մի կետ շփման,

Ու ամբողջ ընթացքում՝ ոչ մի լար՝ կապող։


Այդ մարդիկ, այդ մարդիկ մեռած են այնքան,

Այսքան շատ մարմին, այդքան քիչ ապրող,

Եվ ամբողջ մի կյանքից՝ մի սիրտ՝ չորացած,

Եվ ամբողջ ընթացքում՝ միայն կեր լափող:


Իմ ծիծեռնակ բարի, դու մնա, դու մնա ինձ հետ,

Այս գիշերն աշխարհի միասին անցնենք,

Առ ինձ քո թևերին, տար ինձ հետ՝ երկինք,

Իմ ծիծեռնակ փոքրիկ՝ իմ սիրտ, իմ սիրտ, իմ սիրտ, իմ սիրտ․․․


Ինչպես երևում է, երգը սկսվում է հասարակության հոգևոր խեղճության, գերակա բարքերի քննադատությամբ։ «Դեմքերը՝ գետաձիու կաշի, աչքերը՝ հոգու կափարիչ» տողերը ներկայացնում են մարդկանց կեղծավորությունը, անհամապատասխանությունը մտքի, խոսքի և արարքների միջև։ Հեղինակն իրեն օտար է համարում այս միջավայրում, կարծես ուրիշ տեղից է եկել։ Սա հստակ հղում է պատմվածքին, որի գլխավոր հերոսը՝ արքայազնը, ամբողջ կյանքն անցկացրել էր պալատում, հարստության ու ճոխության մեջ և երբեք չէր տեսել մարդկանց թշվառությունն ու աշխարհի ստորությունը, սակայն նա հնարավորություն է ստանում տեսնելու այդ ամենը արդեն մահից հետո՝ արձանի աչքերով: Նա հետևում է քաղաքին, մարդկանց և խոր հիասթափություն ապրում:  

Երկրորդ տան մեջ հեղինակը քննադատում է «նրանց, ովքեր կարված են իրենց մեջ ու սնվում են իրենք իրենցով»։ Սա մարդկանց եսասիրությունն ու ագահությունն է ներկայացնում։ Պատմվածքում երևում է, որ քաղաքում հարուստ ու շվայտ կյանքով ապրող մարդիկ փակված էին իրենց պալատներում, մինչդեռ դրանցից դուրս՝ դարպասների դիմաց, սառում էին սոված երեխաները։ «Համակ կշտություն, ոչ մի կաթիլ սով»՝ երգի ամենադիպուկ տողերից մեկը։ Սա նշանակում է, որ մարդիկ ֆիզիկապես բավարարվում են ու դա համարում կյանքի նպատակ։ Սակայն դրանով սովը, լինի ֆիզիկական, թե հոգևոր, որն ինքնակատարելագործման շարժիչ ուժն է, մարում է նրանց մեջ, և նրանք մոռանում են հոգևոր զարգացման մասին։ Երգի հեղինակ Մհեր Մանուկյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ լիարժեք ստեղծագործ կյանքի համար արտիստը պետք է լինի «ոչ կուշտ»: Ըստ նրա՝ արտիստն առնչվում է ոչ ֆիզիկական նյութի հետ, և եթե ֆիզիկականը գերակշռի նրա կյանքում, նա կկորցնի կապը մյուս՝ հոգևոր աշխարհի հետ։ Մյուս կողմից՝ արտիստի համար իր բարեկեցիկ կյանքն ու իշխանությունը հիմք են, որ նա իր մեծագույն նպաստը բերի իր ժողովրդին, մարդկությանը։ Լավ օրինակ է Գյոթեն, որն իր աշխարհիկ դիրքը օգտագործելով՝ կարողացավ ստեղծել «գերմանական խոսքը»։ Մեզ ավելի մոտ օրինակ է հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ով իր համեմատաբար ապահովված դիրքն օգտագործել է արվեստի քաջալերման և տարածման համար։ Այս ամենն արտացոլվում է հեքիաթում, երբ երիտասարդ դրամատուրգը պիտի պիես գրեր թատրոնի համար, սակայն քաղցած էր ու տկար ֆիզիկական վիճակում։ Այստեղ երևում է, որ նա ուներ և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական քաղց, մտածում էր, թե ինչպես ուտելիք գտներ ու տաքանար, որպեսզի կարողանար շարունակել պիեսը։ Ծիծեռնակի ու արքայազնի օգնությամբ նա ֆիզիկապես վերադառնում է կյանք, որպեսզի լրացնի նաև հոգևոր քաղցը՝ ավարտի ստեղծագործությունը: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ մարդուց է կախված, թե նա ինչպես կլրացնի իր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր ցանկությունները։ Ինչ–որ մեկը մտածում է միայն ֆիզիկականի մասին, մեկ ուրիշը՝ հոգևորի, սակայն դրանք պետք է հավասարակշռել, քանի որ ամեն դեպքում մենք կենդանի էակ ենք և մեր ուղեղն ու հույզերն էլ էներգիա են պահանջում, սակայն մենք կենդանուց տարբերվում ենք մեր բանականությամբ ու հոգևոր ձգտումներով։ 

Երրորդ տունը մարդկանց սառնության, անտարբերության քննադատությունն է։ Հեղինակի կարծիքով՝ մարդն իր անտարբերությամբ ունակ է սպանելու մյուսին։ Պատմվածքում սա բազմիցս երևում է։ Օրինակ՝ երբ արքայազնը Ծիծեռնակին պատվիրում է օգնել դերձակուհուն, որը պիտի կարեր թագուհու շքախմբի չքնաղ աղջիկներից մեկի զգեստը՝ պալատական պարահանդեսի համար: Կինը չէր կարողանում աշխատել, քանի որ իր տղան հիվանդ էր, և նա չգիտեր՝ ինչպես դեղորայք գտնի: Ծիծեռնակը նրան է տանում արքայազնի զոհաբերած հերթական զարդեղենը, իսկ հետդարձի ճանապարհին տեսնում է այդ աղջկան, որն իր սիրեցյալի հետ պատշգամբում անհոգ զրուցում էր իր զգեստի մասին, դերձակուհուն էլ «ծույլ» էր կոչում։ Մեկ այլ օրինակ է արդեն նշած երիտասարդ թատերագիրը, որը պետք է պիես գրեր թատրոնի համար, սակայն մրսում էր ու քաղցած էր և ի վիճակի չէր շարունակելու։ Իսկ երբ նա գրեր, դիտողները չէին էլ մտածելու, թե ով է հեղինակը, ինչ գնով է այդ պիեսն աշխարհ եկել։ Սա վերաբերում է անտարբերության կործանիչ ուժին, երբ մարդու տաղանդն ու ներուժը կորչում են հասարակության անմտության պատճառով։

Չորրորդ տունը մարդկանց կյանքի դատարկության մասին է։ Նրանք, չնայած ֆիզիկապես ողջ լինելուն, «մեռած են»։ Սա վերաբերում է կյանքի իմաստավորմանը, որ մարդիկ իրենց կյանքն ապրում են պարզապես ուտելու համար, այսինքն՝ միայն այսօրվա համար, սակայն ոչինչ չեն թողնում, ոչինչ չեն տալիս։ Այս երևույթը շատ դիպուկ է նշվում երգում՝ «ամբողջ մի կյանքից՝ մի սիրտ՝ չորացած»։ Մահվանից հետո այդպիսի մարդկանցից միայն մարմինն է մնում։ Հարցազրույցում Մհեր Մանուկյանը նշել է․ «Ամեն մարդ, որ այս պահին ապրում է, աշխարհին շատ մեծ պարտք ունի տալու: Մեր ծնված օրից մեզ կերակրում են, հագցնում ու ապահովում են շատ մարդկանց ջանքերի միջոցով։ Այն թթվասերը, որ մենք ուտում ենք, ինչ–որ մեկի պահած կովի տված կաթից ենք ստեղծում, այն հագուստը, որ մենք հագնում ենք, շատ մարդկանց ջանքերով է կարվում: Մի պահ գալիս է գիտակցությունն այն փաստի, որ հարյուրավոր կյանքեր արժի այն, որ ես այժմ ապրում եմ, շնչում այս օդն ու անում տարբեր տեսակի ախմախություններ։ Հենց այդ պահին հասկանում ես, որ դու էլ քո պարտքն ունես տալու աշխարհին։ Այդ պահին փոխվում են քո խնդիրները, դու չես մտածում փառքի ու հռչակի մասին, այլ մտածում ես, թե ինչպես մի քիչ վերադարձնես այդ պարտքը, որ չասեն՝ ևս մի անասուն ծնվեց և որպես անասուն մեռավ»։ 

Այս գաղափարներն ընկած են թե՛ երգի, թե՛ պատմվածքի հիմքում․ կան մարդիկ, որոնք զոհել են իրենց կյանքը, որպեսզի մենք վայելենք մերը։ Մեր ընտրությունն է՝ լինենք հերթական սպառող, թե մեր կյանքով ուրիշներին սեր ու բարիք հաղորդենք։ Այս թեման կարելի է անվերջ քննարկել, սակայն կարելի է ամփոփել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մեկ տողով՝ «գործն է անմահ»։ 

Հինգերորդ տան հետ երգում փոխվում է նաև երաժշտությունը։ «Իմ ծիծեռնակ բարի, դու մնա, դու մնա ինձ հետ, այս գիշերն աշխարհի միասին անցնենք»։ Ծիծեռնակը պիտի չվեր Եգիպտոս՝ ձմեռելու, բայց քանի որ Արքայազնը արդեն բոլորովին կույր էր և անօգնական, մնում է նրա հետ, դառնում, իր սուրհանդակը  և օգնականը: Սակայն երեք գիշեր մնալուց հետո Ծիծեռնակը սատկում է։ Իսկ արքայազնը, կորցնելով իր վրայի թանկարժեք քարերն ու երբեմնի շքեղ տեսքը, որակվում է որպես անիմաստ մետաղի կտոր, քանի որ արտաքուստ այլևս գեղեցիկ չէր։ Նրա սիրտը Ծիծեռնակի մարմնի հետ նետվում է աղբակույտը։ Հեքիաթի վերջում Աստված իր հրեշտակներից մեկին ասում է, որ գնա և բերի ամենաարժեքավոր բանը, որ կգտնի քաղաքում: Նա բերում է թռչունի մարմինն ու արքայազնի սիրտը, և Աստված ընդունում է դրանք։ Երգի այս հատվածում հեղինակը փորձում է հեռանալ դառը իրականությունից, դաժանությունից, անարդարությունից՝ «Առ ինձ քո թևերին, տար ինձ հետ՝ երկինք»։ Իսկ այն, որ Ծիծեռնակն ու արքայազնը տեղ չեն գտնում մարդկային աշխարհում, սակայն գտնում են Աստծո մոտ, խոսում է այն մասին, որ եթե մարդն իր մեջ սեր ու ճշմարտություն է կրում, հաստատ կա մի վայր, որտեղ դա կգնահատվի և կհատուցվի։ 

Այնուամենայնիվ, որքան էլ որ երգը հիմնված է հորինված պատմության վրա, կարելի է հաստատ ասել, որ «Լավ էլի» խումբը դիպուկ բառերով ու հղումներով արտահայտել է մեր իրականությունը։ Կեղծավորությունը, անտարբերությունը, ագահությունն ու դատարկությունը շատ հատուկ են մեր հասարակությանը։ Չափազանց շատ են կյանքն ու ժամանակը չգնահատող, հնարավորությունները ոչ ճիշտ օգտագործող մարդիկ, որոնք ապրում են միայն այսօրվա համար և իրենց անհոգությամբ շատ ու շատ ճակատագրեր խեղում։ Այս պատմվածքը, թեև շատ տխուր է, սակայն ծաղրում է ցավոտ իրականությունը և արդիական է մինչ օրս՝ չնայած մեկուկես դար առաջ գրված լինելուն։


Հեղինակ` Հարություն Քոչարյան


Recent Posts

See All

RUSH - Վերլուծություն

«Ռաշ»-ը կանադական ռոք խումբ է, որի անդամներն են Գեդի Լին (բաս կիթառ, ստեղնաշարներ, վոկալ), Ալեքս Լայֆսոնը (կիթառ) և Նիլ Փիերթը...

Comments


bottom of page